Մայիսի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում բացվեց «Հայ հնատիպ գիրքը Ամստերդամում» խորագրով գրքերի ցուցադրությունը` 23 հազվագյուտ գրքեր և մեկ քարտեզ: Ցուցահանդեսն արժևորվում է նաև նրանով, որ Ամստերդամը եղել է հայ գրատպության ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը:
ՀԱԳ հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության բաժնի վարիչ Տաթևիկ Ղազումյանի խոսքով, «1660 թվականին Էջմիածնից ժամանած Մաթևոս Սարեցին Ամստերդամում բացել է մի տպարան, որտեղ 1666-ին տպագրվել է առաջին հայերեն Աստվածաշունչը, ինչպես նաև 1695-ին տպագրված հայկական առաջին քարտեզը` «Համատարած աշխարհացույցը»:
Արդեն մեկնարկել է Ազգային գրադարանում հատուկ պայմաններում պահվող հազվագյուտ ու հնատիպ գրքերի թվայնացումը:
Եվրոպական 23 քաղաք (Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան), միանալով «Գրական գիշեր» նախաձեռնությանը, մայիսի 16-ին կազմակերպեցին գրական ընթերցումներ: Եվրոպական մի քանի քաղաքներ, այդ թվում Երևանը, միավորվեցին մեկ գաղափարի շուրջ` ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երևանը մասնակցում է համաեվրոպական այս նախաձեռնությանը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում երեկոյան ժամը 7-ից Ֆորում թատրոնի դերասանները հատվածներ ընթերցեցին Յարոսլավ Հաշեկի (Չեխիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) և Ջոն Տոլկինի (Միացյալ Թագավորություն) ստեղծագործություններից:
«Գրական գիշեր»-ին մասնակից դերասանները հատվածներ կարդացին Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» հանրահայտ ու սիրված վեպից, որը պատկերավոր ներկայացնում է համաշխարհային պատերազմների աբսուրդը:
Բուենոս Այրեսի գրքի 38-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում ներկայացված էր Հայաստանը առանձին տաղավարով, մայիսի 1-ին ավանդաբար նշվել է Հայաստանի Հանրապետության օրը: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Խոսե Էրնանդես սրահում կայացած հանդիսությանը ներկա են եղել ավելի քան 1000 հանդիսական, ելույթ են ունեցել ՀՀ դեսպանության խորհրդական Հ. Հակոբյանը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, անդրադարձել երկու երկրների մշակութային կյանքում գրքի ունեցած կարևոր նշանակությանը:
Միջոցառումներ
|


